Առողջապահություն 2.2009
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում և ծերաբանության հարցերում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ժողովրդական բժշկությունը առողջության հետ կապված տարբեր մոտեցումներ, գիտելիքներ ու հավատքներ, ինչպես նաև բուսական, կենդանական, հանքային ծագում ունեցող դեղորայքային միջոցներ, սպիրիտուալ մանուալ (հոգկան բժշկության ուղղություն), բուժում և վարժություններ ներառող համալիր է, որն առանձին կամ համակցված ձևով կիրառվում է հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով։
Ժողովրդական բժշկությունն այլ կերպ անվանում են նաև ավանդական, այլընտրանքային, բնական, ոչ օրտոդոքսալ կամ կոմպլեմենտար տերմիններով։ Այն կապված է աշխարհագրական որոշակի տեղանքի հետ և, որպես կանոն, բանավոր ձևով ավանդաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։ «Ավանդական բժշկություն» տերմինը հավաքական է, այն վերաբերում է ինչպես չինական, հնդկական կամ Հունանիի արաբական բժշկությանը, այնպես էլ էթնիկ ժողովրդի բժշկության տարբեր ձևերին։ Օրինակ, ասեղնաբուժությունը դիտվում է որպես չինական, այուրվեդան` հնդկական ժողովրդական բժշկության մի մաս, Եվրոպայում և Ամերիկայում XVIII-XIXդդ. սկիզբ առած հոմեոպաթիան և հիրոպրակտիկան (բժշկական հայեցակարգ` ըստ որի հիվանդությունները ծագում են ողների հոդախախտերից` բուժվում մեխանիկական միջոցներով) այլ երկրներում դիտվում են որպես բժշկության լրացուցիչ կամ այլընտրանքային տարբերակ։
Բժշկության բնական մեթոդները ժառանգաբար փոխանցվել են ժողովրդական բժշկությունից։ Ֆիտոթերապիան ծնունդ է առել կախարդների, հեքիմների գործունեության արդյունքում` էթնոկենսաբանական դեղաբույսերի օգտագործմամբ, հիրոպրակտիկան և օստեոպաթիան` «սնխչիների» արվեստից, նատուրոպաթիան` Հիպոկրատի ուսմունքից, հոմեոպաթիան` հին աշխարհի «բուժիր նմանը նմանով» մեթոդից և այլն։ Դրանք տարանջատվում են դեղորայքային և ոչ դեղորայքային տեսակների։
Ներկայումս հայտնի է ժողովրդական բժշկության` ախտորոշման և բուժման գրեթե 150 մեթոդ։ Աշխարհում լայնորեն կիրառվում են ֆիտոթերապիան, ռեֆլեքսոթերապիան և հոմեոպաթիան։ Բուժման մեթոդների բազմազանության հետ մեկտեղ դրանք ունեն նաև ընդհանրություններ։ Հոմեոպաթիայում կիրառվում են բուժման միջոցների չնչին դեղաչափեր, այն դեպքում, երբ ֆիտոթերապիայում հիվանդության ախտանիշները վերացնելու համար կիրառվում են մեծ չափերով բուսական դեղամիջոցներ։ Սակայն և՛ հոմեոպաթիան, և՛ ֆիտոթերապիան բացառապես ուղղված են բնական վերականգնողական գործընթացի ակտիվացմանը։
Բուժման նկատմամբ արևմտյան և արևելյան բժշկության բուժական մոտեցումները տարբեր են։ Արևմտյան բժշկության մեջ բուժման հիմնական սկզբունքը վնասված կամ խանգարված ֆունկցիաների լրիվ կամ մասնակի վերականգնումն է։ Այս սկզբունքով է կառուցված շտապ (ուրգենտ), վերականգնողական, վարակական և սոմատիկ բազմաթիվ հիվանդությունների բուժումը։
Պետք է նշել, որ ժամանակակից ֆարմակոթերապիայի շնորհիվ բուժական բարձր արդյունքը և հիվանդության սուր ախտանիշների դադարեցումն ու վերացումը հանգեցնում են նրան, որ արևմտյան բժշկությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում սանոգենեզի (հիվանդության ընթացքում օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմ) օրգանիզմի սեփական պաշտպանական ուժերի ու պայքարի գործընթացների ակտիվացմանը։ Ավանդական բժշկության մեթոդների բուժական ազդեցությունը առաջին հերթին ուղղված է օրգանիզմի ռեզիստենտության բարձրացմանը և սանոգենեզի գործընթացների ակտիվացմանը։ Այդ պատճառով բուժման ընթացքում ավանդական և այլընտրանքային մեթոդների ճիշտ կիրառումը կողմնակի ազդեցություն չի թողնում, և բարդություններ չեն առաջանում։
Ընդհանուր առմամբ, ժողովրդական բժշկության մեթոդներով հնարավոր է բուժել խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ։
Տարբեր երկրներում բժշկության ավանդական և այլընտրանքային մեթոդների կիրառումը կապված է պատմական, էթնիկական, մշակութային, տնտեսական և բազմաթիվ այլ գործոնների հետ։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն, ժողովրդական բժշկությունը միշտ լայնորեն կիրառվել է Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում։ Ուգանդայում և Տանզանիայում բնակչության 60, Բենինում` 80, Եթովպիայում` 90%-ը օգտվում է ժողովրդական բժշկությունից։ Վերջին տարիներս Կանադայի բնակչության 70, Ավստրալիայի` 48, Ֆրանսիայի` 38%-ը նույնպես կիրառում է ավանդական բժշկության միջոցներն ու տեխնիկան։
ԱՄՆ-ի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ տարեկան մեկ անգամ դիմում է այս մեթոդներով բուժող մասնագետի։ Մեծ Բրիտանիայում խորհրդատվության համար դիմածների թիվը հասնում է տարեկան 13 մլն-ի։ Ըստ դիմելիության, առաջին տեղում են հիրոպրակտիկան, օստեոպաթիան, ասեղնաբուժությունն ու հոմեոպաթիան, ինչպես նաև բուժական մերսման տարբեր տեսակները։
Ավանդական և այլընտրանքային բժշկության բնագավառում գործնական աշխատողների թիվն աշխարհում 5 անգամ ավելի արագ է աճում, քան մյուս բժիշկներինը։ Հնդկաստանում բժիշկների և բուժքույրերի ընդհանուր թիվը մոտավորապես 959 հազար է, իսկ ավանդական բժշկությամբ զբաղվողներինը` 611 հազար։ Շրի Լանկայում նրանք 16 հազար են և կարողանում են լուծել բնակչության 70%-ի առողջության հետ կապված խնդիրները։ Ամերիկյան բժիշկների մեկ քառորդը գործնականում կիրառում է այլընտրանքային տեխնոլոգիաներ։ Ասիայում կա մոտավորապես 50000, Եվրոպայում` 15000 ասեղնաբույժ։
Աշխարհում արդեն զգալի են ավանդական բժշկության համար կատարվող ծախսերը, որոնք Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում տարեկան կազմում են` համապատասխանաբար, 2,3, 2,4, և 80 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մալայզիայում տարեկան մոտավորապես 500 մլն ԱՄՆ դոլար է ծախսվում բժշկասանիտարական օգնության այս տեսակի համար, ալոպաթիկ (ֆարմակոլոգիական միջոցներով բուժման սկզբունք, որը հակադրվում է սանոգենեզին) բժշկության վրա ծախսվող 300 մլն դոլարի դիմաց։
2002թ. ԱՀԿ-ն թողարկեց «Ժողովրդական բժշկության ռազմավարությունը» փաստաթուղթը, որի համաձայն, ելնելով ժամանակակից ապացուցողական բժշկության տեսանկյունից, պետք է ստուգվեն տարբեր երկրներում ժողովրդական բժշկության արսենալում կուտակված առանձին հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, վերականգնման մեթոդները, այնուհետև վերջիններից ավելի արդյունավետները ներդրվեն ժամանակակից առողջապահության համակարգում։
ԱՀԿ-ի նպատակն է օգնել անդամ երկրներին` զարգացնելու տվյալ երկրի ժողովրդական, ինչպես նաև այլընտրանքային բժշկությունը, ինտեգրել այն առողջապահության ազգային համակարգին, նպաստել մեթոդների ճիշտ կիրառմանը, երկրներն ապահովել տեխնիկական ուղեցույցներով, ստանդարտներով և մեթոդաբանությամբ, օգնել տեղեկատվության փոխանակմանը, ակտիվացնել բժշկության հնագույն ավանդույթների հետազոտությունները, ինչը շատ կարևոր է ժողովրդական բժշկությունն ընկալելու որպես անցյալի մշակույթների միասնական արտասովոր երևույթ (ֆենոմեն)։
Հայաստանում ավանդական բժշկությունն իր գոյության 3000 տարիների ընթացքում բուժական միջոցների իսկական պահեստ է ստեղծել։ Այդ միջոցներից շատերը կիրառվում են նաև այսօր։ Չափազանց մեծ կիրառություն են ունեցել ոչ օրգանական ծագում ունեցող բուժական միջոցները` հայկական կավն ու քարը, բորակը, սնդիկի, երկաթի, արճիճի և ցինկի միացությունները, որոնցով հարուստ է եղել Հայաստանի ընդերքը։ Անտիկ շրջանի գիտնական Ստրաբոնը գրել է կինովար (սուլֆիդների դասին պատկանող հանքանյութ) անվամբ հայկական ներկի մասին, իսկ ըստ նշանավոր մատենագիր Փավստոզ Բուզանդի` Վանա լճի ափերին գտնվող Ռշտունյաց սարերում երկաթի և արճիճի հարուստ հանքավայրեր են եղել։ Այս հանքային նյութերից ստացված պատրաստուկները կիրառվել են մաշկի և աչքի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև վերքերը և ուռուցքները բուժելու համար։ Հատկապես գնահատելի է եղել ալյումինասիլիկատներ և երկաթի օքսիդ պարունակող հայկական կավը (Bolus armena), ինչով և պայմանավորված է կավի կարմիր գույնը։ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգետաց անպետ» գրքում գրում է, որ հայկական կավն օգնում է մրսածության և կաթնագեղձի ուռուցքի, տենդի /դողերոցք/ և օդի վարակվածության ժամանակ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ լայնորեն կիրառվել են կենդանական ծագում ունեցող նյութեր, որոնք օգտագործվել են որպես տոնուսը խթանող, հակասկլերոտիկ միջոցներ, հակաթույներ։ Այսօր էլ օգտագործվում է Հին և Միջնադարյան Հայաստանում բավական լայն տարածում գտած ապիթերապիան (մեղվի թույնը` դրանից պատրաստած դեղամիջոցներն օգտագործող բժշկություն` մեղվաբուժություն)` մեղրը և մեղվաբուծության արտադրանքը (մեղրամոմ, պրոպոլիս, մայր մեղվի կաթ և այլն) բուժական նպատակով կիրառելը։
Ներկայումս ռեֆլեքսոթերապիան, մանուալ թերապիան և հոմեոպաթիան ՀՀ ԱՆ նախարարի հրամանով ներառվել են ՀՀ ԱՆ բժիշկների, բուժքույրերի, պրովիզորների և ֆարմացևտների մասնագիտությունների անվանակարգում որպես ինքնուրույն նեղ մասնագիտություններ։ Նրանց թույլ է տրվել պետական բուժկանխարգելիչ հաստատություններում կիրառել ախտորոշման ու բուժման նշված մեթոդները։ Սա ինքնին նշանակում է, որ նման գործունեությամբ ՀՀ-ում կարող են զբաղվել միայն բժշկական ինստիտուտն ավարտած բժիշկները, որոնք այնուհետև անցել են հետդիպլոմային ուսուցման կլինիկական օրդինատուրա (ռեզիդենտուրա) մեկ տարում և հանձնել պետական ավարտական քննություն։
Ավանդական և այլընտրանքային բժշկության այլ մեթոդներ` ֆիտոթերապիա, գիրուդոթերապիա, ապիթերապիա, արոմաթերապիա, իրիդիոախտորոշում, տայ-ցզի, չի-գուն, արտթերապիա (երաժտաթերապիա, բոդիարտթերապիա և այլն) նույնպես լայն կիրառում են գտել ՀՀ պետական և մասնավոր բուժկանխարգելիչ տարբեր հաստատություններում։
2000թ.-ից ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ում հիմնադրվել է ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնը։
Կարդացեք նաև
Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...
Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...
Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...
Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...
Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...
Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...
Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...
Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...
Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...
Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...
Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն